Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՓՈԽՎԵԼ Է «ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ»

«ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ» ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՓՈԽՎԵԼ Է «ԽԱՉՄԵՐՈՒԿԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ»
18.11.2011 | 00:00

Ադրբեջանի տնտեսական և աշխարհատնտեսական իրադրությունը բավականին լավ է ուսումնասիրված, և, փաստորեն, զարգացման բոլոր վարկածները հանգեցրել են այն բանի ըմբռնմանը, որ արդյունաբերական ու բազմաճյուղ զարգացման տարբերակները սկզբունքորեն բացառված են։ Այդ երկիրը ձգտում է ներդաշնակ շարժ հաղորդել այս կամ այն ճյուղին, բայց դրանք էլ են շաղկապված հանքահումքային ոլորտների հետ։ Նավթի արտահանումից եկամուտներ ստանալու բարձրակետը կանցնի ոչ ուշ, քան 2013 թ., մինչև 2015-2017 թթ. նավթի պաշարները կբավարարեն միայն ներքին պահանջարկի բավարարման և մեկ էլ 15-20 մլն տոննա արտահանման համար, ինչը, ինֆլյացիայի ներկա մակարդակի և նավթարդյունահանող սարքավորումների կտրուկ թանկացման, բյուջեի և ձեռք բերված սոցիալական ստանդարտների պահպանման պայմաններում զգալի խնդիրներ կառաջացնի։ Ադրբեջանը տեսանելի հեռանկարում կունենա զարգացման միջին մակարդակ, մոնոարտադրանք տնտեսություն ունեցող երկրի համարում` ավելի ու ավելի յուրացնելով սպասարկման ու տարանցման հատկանիշները, այսինքն` այն նույն գործառույթները, որոնք բնորոշ են Վրաստանին։ Սակայն Ադրբեջանի էներգետիկ պաշարները` ոչ միայն նավթը, այլև բնական գազը, դառնում են նաև այլ պետությունների, նախ և առաջ Թուրքիայի դիրքերի, քաղաքական և տնտեսական ռեսուրսների փոփոխման գործոն։ Եվ այդ հանգամանքն արդեն Ադրբեջանին տալիս է տարածաշրջանի «առաջատարի» կշիռ, թեև այնքան էլ հասկանալի չէ, թե որն է այդ«առաջատարությունը»։ Այդ հանգամանքը, այսպես թե այնպես, մի կողմից Ադրբեջանը դարձնում է Ռուսաստանի կարևոր տնտեսական և առևտրական գործընկեր, այդ թվում նաև` սպառազինության արտահանման ոլորտում, մյուս կողմից` հանգեցնում է այն բանին, որ երկիրն ամեն տեսանկյունից ավելի անկախ լինի Ռուսաստանից։ Բոլոր սցենարները, որ կարելի է առաջարկել Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հեռանկարների քննարկման համար, հանգեցնում են մի սկզբունքային իրողության. Ադրբեջանը կձգտի Ռուսաստանի հետ պահպանել հարթ, բարեկամական հարաբերությունները, միաժամանակ պահպանելով տարածություն, նկատի ունենալով կապերի սերտացումը եվրատլանտյան ընկերակցության, գործընկերային հարաբերությունները Թուրքիայի հետ, որոնք ռազմավարական բնույթ են կրում։
Համակարգված և հետևողական քաղաքականության պարագայում Ռուսաստանը կարող է ի հայտ բերել ԱՄՆ-ի ու Եվրամիության համանման շահագրգռությունը, որոնք ամենևին էլ նպատակ չեն հետապնդում Ադրբեջանը վերածելու թրքական ռազմավարական դաշտի բաղկացուցիչ մասի, ռազմավարական գործընկերոջ, կամ էլ նշանակալի զինված ուժեր ունեցող տարածաշրջանային ինքնուրույն քաղաքական միավորի։ Արևմուտքն ուզում է Ադրբեջանն օժտել տարածաշրջանում ստեղծված էներգետիկ համալիրը պաշտպանող «հսկիչ» կարգավիճակով։ Դա պահանջում է խնդիրների միանգամայն այլ լուծումներ, այլ ընդգրկում և այլ հավակնություններ։ Կա նաև քաղաքական մեկ այլ հարթություն` Ադրբեջանը վերածել Կենտրոնական Եվրասիայում ԱՄՆ-ի բազայի, սակայն մեկը մյուսին չի խանգարում։ ՈՒժեղ և ինքնուրույն Ադրբեջանը նույնպես չի հրաժարվի ԱՄՆ-ին ծառայություններ մատուցելուց։ ՈՒժեղ Ադրբեջան-ԱՄՆ-ի դաշնակից կապակցությունը պակաս նախընտրելի է Ռուսաստանի համար, քան կախյալ և ԱՄՆ-ի բազա հանդիսացող Ադրբեջանը։ Դրանք երկու տարբեր որակներ են։ Ադրբեջանի, ինչպես նաև Վրաստանի ուժեղացումը զսպելու համար անհրաժեշտ է մշակել նոր ռազմավարություն, որի տարրերն ի հայտ եկան Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք։ Գործադրված ջանքերը հանգեցրին այն բանի ըմբռնմանը, որը խոսքը Կովկասյան տարածաշրջանում սկզբունքորեն նոր մոտեցումների ու հայացքների մասին է։
Արևմուտքի և Ռուսաստանի առաջատար քաղաքագետներն ու վերլուծաբանները շարունակում են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները դիտարկել որպես դիմակայություն «լայնությունների», այսինքն` վաղուց «քաղաքացիություն» ստացած Արևմուտք-Արևելք սխեմայի ուղղությամբ, ուր քաղաքական բանավեճի և պայքարի առարկան «եվրասիական միջանցքն» է։ Ըստ երևույթին, քաղաքագետների, վերլուծաբանների և անգամ պրոֆեսիոնալ քաղնախագծողների, ինչպես նաև հանրության զանգվածների գիտակցությունը ենթարկված է իներցիայի ուժին, որը պակաս ճնշող չէ, քան պահանջարկված քաղգործիչների ամենացավալի մոլորությունը։ Խնդիրը (կամ ինչ-որ չափով խնդրի լուծումը) այն է, որ Հարավային Կովկասում «միջանցքի տրամաբանությունից» դիմակայությունը վերափոխվել է «խաչմերուկի տրամաբանության»։ «Միջանցքի» քաղաքական հարթակն ունի իր օրենքներն ու զարգացման օրինաչափությունները։ «Միջանցքի» տարբերակի պարագայում ամեն ինչ վճռում է քաղաքականության սուբյեկտը։ Վրաստանի և Ադրբեջանի համար բառացիորեն ճակատագրական նշանակություն ունեցավ այն, որ հայտնի հաղորդուղիների նախագծերը քաղաքականության սուբյեկտներից վերածվել են օբյեկտների, իսկ այդ պետությունները, ըստ էության, սուբյեկտներ են դարձել հենց հաղորդակցական և այլ աշխարհատնտեսական նախագծերի շնորհիվ։ Նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել բավականաչափ ուշադրությամբ հետևելու Հարավային Կովկասի այդ երկու պետությունների քաղաքական գործընթացներին, կարող են վկայել, որ դա հայտնություն է եղել և, ըստ էության, ողբերգություն նրանց քաղաքական վերնախավերի համար։ Վերհիշենք Ֆազիլ Իսկանդերի խոսքերը` «Աստված մեր հանդեպ ողորմած է եղել, բայց ոչ նրա համար, որ մենք այդքան խելացի ենք»։ Նրանց պարզապես չմիացրին այդ նախագծերին, որոնք կոչված են Հարավային Կովկասում ստեղծելու տարանցման-սպասարկման սոցիալ-տնտեսական մոդել, հնարավոր է նաև միանգամայն ավարտուն, տեղային տարանցման-սպասարկման աշխարհաքաղաքակրթություն։ Այդ ձախողման պատճառն այն էր, որ տարանցման գործառույթի հավակնող երկրներն իրավունք չունեն ձևավորելու մեկ ուղղության կողմնորոշում։ Այս բանը հասկանալու համար պետք չէր լինել քաղգործիչ կամ քաղաքագետ, բավական էր աշխատել սոսկ որպես առաքիչ կամ հեռագնա վարորդ։ Արդյունքում նավթազուրկ և «փակուղային» Հայաստանը հաջողությամբ հարաբերություններ է զարգացնում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի հետ։ Այդ հարաբերությունները ռազմավարական չես համարի, սակայն դրանցում պարտավորեցնող և շահագրգիռ ինչ-որ բան կա։ Միանգամայն պարզորոշ է, որ Հայաստանը միակ պետությունն է Հարավային Կովկասում, որը կարող է կատարել ռազմավարական գործընկերոջ գործառույթ։ Ընդ որում, տարբերություն չկա, թե ում։ Պարզապես ռազմավարական գործընկերոջ գործառույթ։ Ավելին, «ռազմավարական կատակերգականությունն» այն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն էլ է ընդունակ կատարելու ռազմավարական գործընկերոջ գործառույթ։ Եվ այստեղ ոչ մի միստիկ բան չկա, եթե հաշվի չառնենք հայկական քաղաքական կերպարն ու հայ վերնախավին հատուկ հոռետեսությունը։
«Խաչմերուկի» հոգեբանությունը նկատելիորեն տարբերվում է «միջանցքի» հոգեբանությունից, թեև ազատական շատ քաղգործիչներ սովորություն ունեն մեկը փոխարինելու մյուսով` կախված կառավարող վերնախավերի բարեկեցության պահանջներից։ Սակայն Հարավային Կովկասը (ազգային քաղգործիչների բոլոր հավակնություններով հանդերձ) երբեք ինքնանպատակ բան չի եղել տարբեր ռազմավարություններում։ Խոսքն ավելի ընդարձակ տարածքների կառավարման և վերահսկողության մասին է։ Բայց «Մեծ Մերձավոր Արևելքի» և Կենտրոնական Ասիայի շրջանակներում ակտիվորեն տեղի է ունենում աշխարհաքաղաքական պատկերի փոփոխություն` «խաչմերուկի» ռազմավարության ընդլայնման միտումով։ Այդ տարածաշրջաններում տեղի է ունենում նոր աշխարհառազմավարական բլոկների արագ ձևավորում, ընդ որում` ամենասենսացիոն (օրինակ` Իրան-Իրաք-Սիրիա-Հունաստան-Հայաստան, հնարավոր է նաև Եգիպտոսը` Սաուդյան Արաբիայի հետ)։ Ընդ որում, պարզ չէ դեռևս` ստեղծվում է նոր «Բաղդադի պա՞կտ», «Եվրոպայի մայրցամաքային-մերձավորարևելյան մեծ շեղանկյո՞ւն», թե՞ դա «Հյուսիս-Հարավ» ռազմավարության մաս է։ Այսինքն, հասկանալի չէ, թե ում դեմ են ուղղված այդ աշխարհառազմավարական «հանգույցները»` Արևմուտքի՞, թե՞ Արևելքի։
Այս զուգահեռներում նկատվում է ռուսական արտաքին քաղաքականության երկու ռազմավարական գիծ. ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունն ընդհանուր գործընթացների հետ կապված հարցերում և ԱՄՆ-ին դիմակայությունը տարածաշրջաններում։ Ռուս-ամերիկյան պայմանավորվածության առկա նշանների կողքին (առնվազն Կենտրոնական Ասիայի խնդիրների առնչությամբ) շարունակվում է պայքարը նաև այդ տարածաշրջանի համար, ինչպես Կովկասի և ՈՒկրաինայի։ Հենց այս հենքով են նշմարվում նաև Հայաստանի ռազմավարական շահերը (կան նաև այսպիսի շահեր)։ Ամերիկացիների և եվրոպացիների հետ այստեղ ամեն ինչ կարգին է։ Նրանք, փաստորեն, հրաժարվել են ղարաբաղյան հարցում Հայաստանի վրա որևէ լուրջ քաղաքական ճնշումից։ Էներգաընկերությունները պարզել են, որ ԼՂՀ-ն սպառնալիք չի ներկայացնում իրենց հաղորդուղիներին ու նախագծերին, այլ ընդհակառակը, Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևորագույն տարր է։ Արևմուտքը պարզել է, որ ղարաբաղյան խնդիրը լուծելի չէ ոչ մի համակարգի պայմաններում` ո՛չ կոմունիստական-ինտերնացիոնալիստական, ո՛չ ազատական-ինտերնացիոնալիստական, ո՛չ իրատեսական-աշխարհաքաղաքական և անգամ իսլամական։ ԱՄՆ-ի և Արևմուտքի համար լավագույն տարբերակը խնդրի սառեցումն է։ ԱՄՆ-ին առհասարակ չեն հետաքրքրում հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Ամերիկացիներին որոշակի չափով հետաքրքրում են հայ-թուրքական հարաբերությունները` որպես տարածաշրջանում առանցքային։ ԱՄՆ-ը «ռեզերվում է պահում» Հայաստանը` տեսանելի հեռանկարի համար, երբ Թուրքիայի «ինքնավարությունը» կաճի։ Մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կարևորագույն խնդիրը Ռուսաստանի հետ անմիջական հակամարտության վտանգի բացառումն է։ Խոսքը Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռանկյան դիմակայության մակարդակի նվազեցման մասին է։ ԱՄՆ-ի խնդիրն է հսկողության տակ պահել երեք «կայսրությունների» երկարաժամկետ գոտեմարտը և հետևողականորեն աջակցել առավել խոցելիին։
Պուտին-Ալիև, Մեդվեդև-Ալիև ցանկացած բանակցության ժամանակ գլխավոր թեման կլինի ոչ թե ղարաբաղյան հարցը, այլ աշխարհատնտեսական և տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև։ Նավթ արտահանող Ադրբեջանը, չնայած նավթի բարձր գներին, դժվարությամբ է պետբյուջեն լցնում, յոլա է գնում առանց էլեկտրաէներգիայի ու գազի և կանգնած է արդյունաբերական երկրի կարգավիճակի կորստյան սպառնալիքի առջև։ Բայց տնտեսական հարցերն ինքնըստինքյան չեն ընթանում։ Խոսքն Ալիևի ընտանիքի բազմամիլիարդ ոչ ստվերային, համենայն դեպս, կարողության դիզման մասին է, բայց այդ խնդիրը լուծվում է ո՛չ Ռուսաստանում, և ո՛չ Ռուսաստանի օգնությամբ։ Այդ խնդիրը լուծում են բրիտանացիներն ու ամերիկացիները։ Բոլոր հնարավորությունները կան ի չիք դարձնելու ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի ունեցած երկյուղները։ Ռուսաստանի խնդիրը Ղարաբաղում հանգում է նրան, որ նա կա՛մ մյուս տերություններին համահավասար մասնակցի այդ գործին, կա՛մ առհասարակ ոչ ոք մոտ չգա դրան։ Առավել ևս, որ Արևմուտքում այդ առումով առանձին առարկություն չկա։ ԱՄՆ-ը տարբեր չվերահսկվող տարածքների ինքնորոշման գործընթաց է սկսել, ինչը, ըստ երևույթին, համապատասխանում է նրա քաղաքականության և ռազմավարության կողմերից մեկին։ Բազմաթիվ հայտարարություններ են եղել այն առնչությամբ, թե Կոսովոն առանձին դեպք է, և Կոսովոյի խնդրի հանգուցալուծումն ինչ-որ առանձնահատուկ քաղաքական գործընթացի արդյունք է։ Իրականում դա միայն նշանակում է, որ այդ առանձնահատկությունը կարող է տարածվել այլ համանման դեպքերի վրա։ Փաստորեն ազդանշան է տրված, որ ինքնորոշման հասնել հնարավոր է, բայց միայն այն գործընթացի շրջանակներում, որի համաձայն տվյալ տարածաշրջանը ինտեգրվելու է Արևմտյան ընկերակցությանը` բոլոր չափանիշներով։ Ռուսաստանը երկյուղում է, որ ԱՄՆ-ին կհաջողվի «վերջակետ դնել» ղարաբաղյան հարցին, բայց այդ «վերջակետը», ըստ էության, գոյություն չունի, ընդհակառակը, հակամարտության լուծումը սկիզբ կդնի տարածաշրջանում ԱՄՆ-ի նոր դիրքերի ձևավորմանը և նոր առճակատման։ Այդ հեռանկարը սովորական իրավիճակ կստեղծի Հայաստանի ու Ադրբեջանի համար և Ռուսաստանը հեռու կպահի տարածաշրջանային խնդիրների մի մեծ հատվածից։ Ռուսաստանը կհայտնվի մի իրավիճակում, երբ նա, Հայաստանին չթողնելով դիմելու անընդունելի փոխհամաձայնության, ռազմատնտեսական հավասարակշռության խախտման և արտաքին ճնշման հետևանքով արմատապես կփոխի իր երկիմաստ դիրքորոշումը ԼՂՀ-ի առնչությամբ։ Կրեմլի այդ դիրքորոշումը կներառի այնպիսի կողմեր, ինչպիսիք են Հայաստանի պաշտպանական և տնտեսական զորեղացումը, քաղաքականության մեջ զուգակշռությունից հրաժարումը, ինչն անհարմար վիճակի մեջ կգցի Ռուսաստանին, աջակցությունը Հայաստանի հայրենասիրական, քաղաքական ու հասարակական ուժերին և ոչ թե ծայրաստիճան մերժված օլիգարխական խմբավորմանը, որը շահարկում է Ռուսաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը։
Ղարաբաղյան խնդրի առնչությամբ ռուսական քաղաքականության իմաստն այն է, որ ԼՂՀ-ի և Հայաստանի համար որևէ արժեք չներկայացնեն ԼՂՀ-ի գոյության օրինաչափության մասին գնահատականներ ստանալը, ինչպես նաև այստեղ տեղի ունեցող ընտրական և վարչական գործընթացները։ Այդ բովանդակալի քաղաքական կուրսը կդառնար տարածաշրջանում ռուսական նոր դիրքերի ձեռքբերման սկիզբը։ Դա հսկայական քաղաքական ու բարոյահոգեբանական հարված կհասցներ Ադրբեջանին, ընդ որում, նա ոչ մի պաշտոնական պատճառ չէր ունենա դժգոհություն ու մեղադրանքներ ներկայացնելու Ռուսաստանին։ Դա կդներ ադրբեջանական ազգի ու պետականության փլուզման սկիզբը։ Արմատական գործողությունների ճիշտ նույնպիսի քաղաքականությունն էլ հաջողությամբ կարող է հանգեցնել Վրաստանի փլուզմանը։ Մինչ այժմ զուգակշռությունների քաղաքականությունը, ուղղակի կամ անուղղակի բնույթի մանր-մունր հարվածների քաղաքականությունն անգամ ժամանակավոր հաջողություն չեն բերել Ռուսաստանին։ Ժամանակն է ձեռնամուխ լինելու տարածաշրջանային աշխարհաքաղաքականության լուրջ փոփոխմանը։ Ռուսաստանը չկարողացավ խոչընդոտել աջարական պետականության վերացմանը, նպաստեց Ադրբեջանի այն շրջաններում լեզգիական ազգային ազատագրական պայքարի ոչ միայն թուլացմանը, այլև ճնշմանը, որոնք կարող էին դառնալ ռուսական ռազմական և քաղաքական ներկայության պատվար, ուշադրություն չդարձվեց նաև Ադրբեջանի հարավ-արևելքում թալիշների ազգային շարժմանը։ «Կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքն այդպես էլ իրեն չարդարացրեց նախկին խորհրդային տարածքներից և ոչ մեկում։
Բայց դրանով սահմանափակվո՞ւմ են, արդյոք, խնդիրները հայ-ռուսական հարաբերություններում։ Իհարկե` ոչ։ Միանգամայն ակնհայտ է, որ Մոսկվայում կուտակվել է բավական նշանակալի, դինամիկ, բայց թույլ նախաձեռնողական հակահայ ներուժ։ Հայ հասարակական վերնախավը մշտապես ճնշման է ենթարկվում։ «Բաժանորդագրական» և «ոչ բաժանորդագրական» հինգերորդ շարասյուներ են ստեղծվում միջին խավի տարբեր գործարարների թվից, որոնք ցրտաշունչ ձմեռներն անցկացնում են Մոսկվայում։ Այդ «հինգերորդ շարասյուների» համեմատ անգամ կոմունիստական զյուգանովամետ թերթոնները բավական մեղմ են։ Ռուսաստանում ձախ ազգայնականությունը դուրս է մղվել աջի կողմից, որն առայժմ չի հասունացել և ձևավորվում է ռազմարդյունաբերական, էներգահումքային, ֆինանսական և տեղեկատվական կորպորացիաների միջև պայքարի «քառուղիներում»։ Հարկավոր է միանգամայն հստակորեն հասկանալ հետևյալը. Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններ կարող են ունենալ միայն այն պետությունները, որոնք մասնակցում են այդ պայքարին։ Հայաստանը չի կարող անտեսել կամ արհամարհել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Առաջացել են (միգուցե ռուսական պատմության մեջ առաջին անգամ) ամենանպաստավոր արտքաղաքական պայմանները։ Բայց հայկական քաղաքականությունը, որոշ ստեղծագործական «ճողփյունները» չհաշված, միջակության մակարդակից չի բարձրանում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ